ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները բացառում են այսօրվա իշխանության հետ համագործակցությունը ընտրություններից հետո։ Դաշինքը հայտարարություն է տարածել Facebook–ում։
«Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որևէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների և նրանց սպասարկող գրպանային ուժերի և գործիչների հետ։
Պատերազմի ընթացքում և դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների և ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը: Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող։ Նրանց պետք է հեռացնել իշխանությունից և ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության»,– ընդգծել են կուսակցությունները։
Ըստ դաշինքի` հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները և հանցանքները բացահայտելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները