Վաղարշակ Հարությունյանը տաջիկ գործընկերոջ հետ քննարկել է սահմանային իրավիճակի խնդիրը

Սյունիքում ստեղծված իրավիճակի թեմայով Վաղարշակ Հարությունյանն ու Շերալի Միրզոն հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր». Հարությունյանը խոսել է Զասի հետ

«Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցերի։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։