ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 80 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուխտավորներն Ամարաս էին գնացել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:
«Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ պաշտպանում եք մեզ։ Երախտապարտ ենք։ Աստված օրհնի ձեզ։ Մաղթում ենք, որ բոլորդ լավ լինեք, մեր հայրենի հողում էլ միշտ խաղաղություն լինի», - ասել է ուխտավոր Վեսմիրա Գաբրիելյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասը հայտնվել է սահմանազատման գծի մոտ։
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են