ՌԱԴԻՈ

Քաղաքական ուժերը հերթով հայտարարում են ՔՊ–ի հետ դաշինքը բացառելու մասին. ինչո՞ւ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, ըստ որի` ԼՀԿ–ն ընտրություններից հետո բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելը։  
Sputnik
Քաղաքական ուժերը հերթով հայտարարում են ՔՊ–ի հետ դաշինքը բացառելու մասին. ինչո՞ւ

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` ԼՀԿ–ի և նման դիրքորոշում արտահայտած մյուս քաղաքական ուժերի մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրական գործընթացը գնա իր համար ցանկալի հունով և ապագա խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Ըստ նրա` ՔՊ–ն այդուհանդերձ չի ունենա 50 տոկոս +1 ձայն, հետևաբար, ամենայն հավանականությամբ, կցանկանա նույնիսկ անազնիվ մեթոդներով ունենալ այդ մեծամասնությունը։

«Քաղաքական ուժերը հերթով հայտարարում են ՔՊ–ի հետ դաշինքը բացառելու մասին։ Այսինքն` նրանք նախապես փաստում են, որ չեն ցանկանում իշխող ուժի հետ կիսել պատասխանատվություն ամեն ինչի համար, առավել ևս, որ իշխող ուժի կողմից լրատվամիջոցներով տարածվում են մանիպուլյատիվ տեղեկություններ, որոնց համաձայն` ընտրություններից հետո հնարավոր է այս կամ ուժը դաշինք կազմի իր հետ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին

Բադալյանի կարծիքով` կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» կարող է հանդես գալ նման հայտարարությամբ զուտ այն պատճառով, որ իր անդրկուլիսային կապը իշխող քաղաքական ուժի հետ շատերի համար ակնհայտ է, հետևաբար նման հայտարարությամբ ԼՀԿ–ն փորձում է տարանջատվել իշխող ուժից, քանզի ցանկացած ասոցիացիա իր համար կունենա բացասական ազդեցություն։

«Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պարագայում ամեն ինչ պարզ է, նրանք ամենայն հավանականությամբ կանցնեն խորհրդարան և իշխող ուժի համար կարող են տեսականորեն դիտարկվել որպես գործընկերներ, ապա ԼՀԿ–ի պարագայում դա խիստ կասկածելի է, քանի որ հավանականությունն էլ քիչ է, որ այդ ուժը կանցնի խորհրդարան։ Ուղղակի ԼՀԿ–ն նման հայտարարություններով ցանկանում է հասարակության ակտիվ զանգվածի մեջ ներդնել այն գաղափարը, որ ինքը նույնը չէ իշխող քաղաքական ուժի հետ»,– ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանի գնահատմամբ` ընտրություններից հետո եթե ՔՊ–ին չհաջողվի ձևավորել կոալիցիա, ապա դա կարող են անել ԱԺ անցած երկրորդ, երրորդ և չորրորդ ուժերը` դառնալով գործադիր իշխանություն, թեև քաղտեխնոլոգը չբացառեց նաև պատմության ընթացքում բազմիցս կրկնված իրողությունը, երբ քաղաքական ուժերն ընտրություններից առաջ հայտարարել են մի բան, բայց հետո արել հակառակը։ Բադալյանի համոզմամբ` ընտրություններից հետո երկրորդ փուլի հավանականությունը տեսականորեն բավականին փոքր է։  

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Հիշեցնենք, որ անդրադառնալով այն հարցին, թե ընտրական շեմը հաղթահարելու և ԱԺ անցնելու պարագայում հնարավո՞ր է արդյոք ՔՊ–ի հետ կոալիցիա կազմելը, ԼՀԿ կառավարման մարմնի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ԼՀԿ–ի անունից հայտարարել է, որ նման հնարավորությունը բացառվում է։ 

Հավելենք, որ ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցությունը բացառել են նաև «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։