Նախարարությունը հայտնել է` որտեղ կան շարժական կետեր և քանի մարդ է պատվաստվել այնտեղ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 562 պատվաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ից 23-ը ներառյալ Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում իրականացվել է 2876 պատվաստում։

«2205-ը «AstraZeneka»-ով, 313-ը «Սպուտնիկ V»-ով, 358-ը` «ԿորոնաՎակ»-ով են պատվաստվել։ Շարժական կետերն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև Դալմա Գարդեն մոլ և Մեգամոլ առևտրի կենտրոններում:

ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով

Գյումրիում շարժական կետերը տեղակայված են Վարդանանց հրապարակում, Վանաձորում` Հայքի հրապարակում, Դիլիջանում` քաղաքապետարանի հարևանությամբ:

«AstraZeneka»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում

Մայիսի 23-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 26 562 պատվաստում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 34–ով և դարձել 221 982: