Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված հայ սպասավորներից

Պատրիարքությունը բողոք էր ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանի և Արբակ աբեղա Սարուխանյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» սփյուռքի բաժնի hayernaysor.am կայքը։

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանն ու հայ համայնքին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ կայքի` քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:

Մայիսի 18-ին հայտնել էինք, որ Երուսաղեմում մի խումբ հրեա ծայրահեղական երիտասարդներ հարձակվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Արբակ աբեղա Սարուխանյանի վրա։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։ Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։
Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքով՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

Ինչո՞ւ օրթոդոքս հրեաները «թքած ունեն» հայերի վրա