«Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում». Մխիթարյանը` հավաքական չհրավիրվելու մասին

Հենրիխ Մխիթարյանը զարմացել է, որ ինքը դուրս է մնացել Հայաստանի հավաքականի ցանկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik.Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին զարմացրել է այն փաստը, որ իրեն չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին։ Նա Facebook-ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով այսօր հրապարակված` Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով չեմ հրավիրվել առաջիկա միջազգային խաղերին։ Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում։ Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,-գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտնել էր` հավաքականի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Նրա խոսքով` ճիշտ է, շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել են հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների:

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, (Երևանի ժամանակով) Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Կապառոսը պատմել է քաղցկեղի հաղթահարման, Հայաստան գալու և հավաքականի նպատակների մասին