ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:
«Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը...
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, և թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին և շատ բարձր ենք գնահատում»,-իր ելույթում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը ու առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված բոլոր բուժաշխատողների հիշատակը։
«Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Ելույթի վերջում նախագահը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ սրտացավության, նվիրվածության ու հոգատարության համար: