Չինաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Երևանին ու Բաքվին

Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ջանքերով կաջակցեն տարածաշրջանի խաղաղությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: Այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան իրենց հակասություններն ու տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։