Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետը նոր պաշտոն է ստացել։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել Էդվարդ Սարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից»,– նշված է հրամանագրում։

Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 21-ին։

Հիշեցնենք` ՀՀ նախագահը ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանին պաշտոնից ազատել էր մայիսի 4-ին։ Աբրահամյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հունիսի 12-ին։