ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի և ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասևիչի ձերբակալության շուրջ միջազգային սկանդալը նոր թափ է հավաքում։ Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ'Լիրին ինքնաթիռի հարկադիր վայրէջքն առևանգում է անվանել՝ մեղադրելով Բելառուսի իշխանությանն այդ առևանգմանը մասնակից լինելու մեջ: Նա ենթադրել է, որ Մինսկում շտապ վայրէջք կատարած չվերթից «իջել են նաև ԿԳԲ-ի գործակալները»:
Ի՞նչ է տեղի ունեցել
Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում ականապատման մասին հաղորդագրության պատճառով, որը, ինչպես հետագայում պարզվեց, կեղծ էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է տվել «ինքնաթիռը շրջել ու ընդունել», նախագահի հանձնարարությամբ օդանավը ուղեկցելու համար ՄիԳ-29 կործանիչ է երկինք բարձրացրվել:
Այս չվերթով մեկնում էր Պրոտասևիչը՝ Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram ալիքի հիմնադիր ու նույնպես ծայրահեղական ճանաչված «Беларусь головного мозга» Telegram ալիքի գլխավոր խմբագիրը: Նրան ձերբակալել են փաստաթղթերի ստուգման ժամանակ։ NEXTA-ի Telegram ալիքն անցյալ տարի Բելառուսում ամառային բողոքների համակարգման համար առանցքային տեղեկատվական հարթակներից էր:
Հիմա Բելառուսում Պրոտասևիչին մեղադրում են «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» (դրանով կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ) ու «Հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողությունների կազմակերպում» (մինչև երեք տարի ազատազրկում) քրեական հոդվածներով: Բացի այդ, գործ է հարուցվել «Դիտավորյալ գործողություններ կատարելու մասին, որոնք ուղղված են մասնագիտական պատկանելության հատկանիշներով սոցիալական թշնամանք հարուցելուն» հոդվածով (առավելագույն պատիժը 12 տարի է):
Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի
Արևմտյան բազմաթիվ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ կոչ են արել միջադեպի միջազգային հետաքննություն իրականացնել։ Նրանք գնահատել են դա որպես երրորդ երկրի տարածքում ԵՄ-ի երկու պետությունների միջև թռիչք իրականացնող ինքնաթիռի հարկադիր վայրէջք: Պաշտոնական Մինսկից պարզաբանումներ են պահանջել Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի ղեկավարությունը, ինչպես նաև Գերմանիայի իշխանությունը: Կոչեր են հնչում նաև խստացնել պատժամիջոցները Բելառուսի իշխանության նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն ասել է, որ Լոնդոնը դաշնակիցների հետ աշխատում է Ryanair-ի հետ կապված միջադեպին համակարգված պատասխան տալու ուղղությամբ, ներառյալ նոր պատժամիջոցները: Նա կոչ է արել ICAO-ին արտակարգ հանդիպում անցկացնել՝ Մինսկին մեղադրելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային նորմերը խախտելու մեջ, նաև պատասխանատվության ենթարկել Լուկաշենկոյին:
Բելառուսի ԱԳՆ-ն իր հերթին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպը պետք է դիտարկել անվտանգության տեսանկյունից, որն ապահովվել է: Նրանք պատրաստ են ընդունել փորձագետների ու ցույց տալ Ryanair-ի չվերթի հետ կապված բոլոր նյութերը։
Գերատեսչությունում կարծում են, որ ինքնաթիռի հետ կապված իրավիճակում Մինսկի գործողությունները համապատասխանել են միջազգային սահմանված կանոններին:
Բելառուսում ստեղծվել է Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված իրավիճակի հետաքննության հանձնաժողով։ Բեռալուսի ԱԳՆ-ն ասել է, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննության հանգամանքները մոտ ժամանակներս կհրապարակվեն:
Ինչպե՞ս են գտել Պրոտասևիչին
Մինսկի օդանավակայանում Ռոման Պրոտասևիչի հետ ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան:
Բելառուսի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սապեգայի գործողություններն օգնել են հայտնաբերել Պրոտասևիչին Ryanair ինքնաթիռում: Նա լուսանկար է ուղարկել մեկ այլ ընդդիմադիր բլոգերի, որը հրապարակել է լուսանկարն իր ալիքում։ Դրանից հետո ոստիկանությունն իմացել է, որ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող NEXTA-ի նախկին գլխավոր խմբագրն ինքնաթիռում է:
Էլ ե՞րբ են ինքնաթիռ «նստեցրել»
Պետք է նշել, որ ինքնաթիռների վայրէջքի նման դեպքեր նախկինում էլ են տեղի ունեցել։ Այսպես, 2013 թվականի հուլիսի 3-ի գիշերը Մոսկվայից ուղևորվող Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ավստրիայում այն բանից հետո, երբ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան փակել են իրենց օդային տարածքն օդանավի համար:
Լուրեր էին պտտվում, որ նախագահի հետ ինքնաթիռում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որն ԱՄՆ-ում մեղադրվում է պետական գաղտնիքի հրապարակման մեջ: ԱՄՆ-ն պահանջել է խուզարկել Բոլիվիայի նախագահի օդանավը։ Էվո Մորալեսի օդանավը խուզարկել են Վիեննայի օդանավակայանում, սակայն Սնոուդենին չեն հայտնաբերել: Մադրիդը, Փարիզը, Հռոմն ու Լիսաբոնն ավելի ուշ Լա Պասից ներողություն են խնդրել նախագահական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար:
Կողոպտել ու առևանգել են մարդկանց. հրապարակվել է հանցավոր խմբի ձերբակալման տեսագրությունը