ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն մի քանի ժամ է՝ ահազանգեր է ստանում մայրաքաղաք Երևանում ուժգին քամու պատճառած վնասների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ-ից հայտնեցին՝ ահազանգերն այնքան շատ են, որ հերթականությամբ են դրանց սպասարկումն իրականացնում։
«Հիմնականում վնասվել են ծառի ճյուղեր, շինությունների տանիքների թիթեղներ, էլեկտրալարեր։ Էրեբունի վարչական շրջանում էլ, օրինակ, հաստաբուն բարդին ամբողջությամբ արմատախիլ էր եղել և թեքվել էր պատի վրա։ Մենք սահմանազատել ենք տարածքը, փոխանցել ենք տեղեկությունը քաղաքապետարանին, որ համապատասխան մասնագետներ ուղարկեն՝ ծառը մասնատելու համար։ Նաև ճանապարհային ոստիկանությանն ենք փոխանցել, որ փորձեն այդ միջբակային ճանապարհը փակել, տարանցիկ ճանապարհից օգտվեն»,- մեզ հետ զրույցում նշեցին ԱԻՆ-ից։
Շեշտում են՝ սահմանված կարգով յուրաքանչյուր ահազանգը սպասարկում են հրշեջ-փրկարարները։ Որ դեպքում հնարավոր է՝ տեղում օգնություն են ցուցաբերում, կարգավորում խնդիրը, եթե ոչ, ապա սահմանազատում են տարածքը, տեղեկությունը փոխանցում համապատասխան մարմիններին։
Քամուց բացի վերջին ժամերին տեղեկություններ են ստացվում նաև հորդառատ անձրևի պատճառած վնասների, մասնավորապես, ջրալցումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը ևս փոխանցվում է քաղաքապետարանին, այնտեղից էլ արդեն՝ կոմունալ սպասարկման բաժին։
Երեկվանից չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհը
«Անձրևին վերաբերող ահազանգերը քամու նման շատ չեն, այս պահի դրությամբ՝ մոտ տասն են։ Օրինակ, տանիքի թիթեղները վնասվել են, ջուրը լցվել է անձրևատարերից ներս և այլն»,- նշեցին ԱԻՆ-ից։
Տուժած մարդկանց վերաբերյալ տեղեկություններ, բարեբախտաբար, ընդհանրապես չեն ստացվել։