ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մալխաս Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 6։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրեյ Կուլիկին՝ նվաճեց ոսկե մեդալը։
Մալխաս Ամոյանը 72կգ քաշային կարգում մինչև եզրափակիչ հասնելը երեք անընդմեջ հաղթանակ տարավ շատ ուժեղ ըմբիշների նկատմամբ, որոնք ներկայացնում էին Վրաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Հայ ըմբիշը 4։1 հաշվով հաղթեց Օթար Աբուլաձեին, այնուհետև 7։0 հաշվով առավելության հասավ Հասան Խասանլիի նկատմամբ, և վերջապես կիսաեզրափակիչում էլ 4։1 հաշվով հաղթեց Սերգեյ Կուտոզովին։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը ուկրաինացի Անդրեյ Կուլիկն էր, որը կիսեզրափակիչում առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Մարտուն Բադալյանի նկատմամբ։ Ամոյանը գրագետ ու վստահ անցկացնելով գոտեմարտը՝ մրցափուլերից յուրաքանչյուրում վաստակեց երեքական միավոր, ու ոչ մի շանս չտալով մրցակցին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
60 կգ քաշային Տիգրան Մինասյանը առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Առնաուտին, բայց կիսաեզրափակիչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը պարտության մատնեց իսպանացի Էնդի Խուան Սաչին։
Այսպիսով Հայաստանի հավաքականը Սկոպյեում ազատ ու հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկան ըմբիշների մրցումներում վաստակեց 10 մեդալ (ազատ ոճ՝ 4, հունահռոմեական ոճ՝ 6), երկու ոսկե, երեք արծաթե և հինգ բրոնզե, ինչը հիանալի արդյունք է։