ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է փոխել Սահմանադրությունը, ընդլայնել նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները, վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի նախարարությունները՝ ավելի արյդունավետ կառուցվածքով։
Այսօր կուսակցության երրորդ համագումարում նախընտրական ծրագիրը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Կուսակցությունն առաջարկում է քաղաքացիներին գալիք ընտրություններում քվեարկել ոչ թե «ընդդեմ ինչ-որ մարդկանց ու գաղափարների», այլ՝ «հանուն»։ Նրա խոսքով՝ կուսակցությունն իր ծրագիրը հենց այդ սկզբունքով է կազմել՝ հանուն ապագայի ու հանուն լուսավոր Հայաստանի։
«Հանուն ժողովրդագրության վիճակի բարելավման «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը՝ ըստ ընտանիքի անչափահաս անդամների թվի։ Հանուն տարածքային համաչափ զարգացման ԼՀԿ-ն առաջարկում է բժիշկների, ուսուցիչների, այլ պահանջված մասնագետների պակասը մարզային բնակավայրերում լրացնելու համար ապահովել էապես բարձր աշխատավարձեր և սոցիալական երաշխիքներ»,- նշեց Գորգիսյանը։
Կուսակցությունը նաև նախատեսում է բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը՝ ավելացնելով զինծառայողների սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ բնակարանային խնդիրը լուծել և ապահովել սպայի՝ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո պետական համակարգում ծառայության հնարավորությունը։
Պրոցեսներ են ընթացել առանց մեր իմացության. Մարուքյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին
Տնտեսության մրցունակությունը բարձրացնելու և կայուն զարգացման համար կուսակցությունը կարծում է, որ պետք է իրականացնել արդյունաբերության արդիականացում, նաև պետական աջակցության ծրագրեր իրականացնել սկսնակ բիզնեսների համար։
Գյուղատնտեսությունը ռիսկերից ապահովագրելու համար կուսակցությունն առաջարկում է պետության և մասնավոր հատվածի համագործակցություն, գյուղացուն կաջակցեն խորհրդատվական, ֆինանսական, իրացման հարցերում։
«Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ համայնքների զարգացման համար կարևոր է տվյալ համայնքներից հավաքված հարկերի մի մասն ուղղել հենց այդ համայնքների զարգացմանն ու խնդիրների լուծմանը։