Իրանը հերքում է իր տարածքում 160 հայ զինվորների վերաբերյալ լուրը

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ:

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»,-նշված է հայտարարության մեջ:

160 զինվորի մասին լուրը ավելի վաղ հերքել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատվելուց հետո պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ հայ տասնյակ զինվորականներ հատել են սահմանն ու անցել Իրանի տարածք։