Փորձե՛ք ձեր բախտը. Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է գյուղերն Ադրբեջանին տալու լուրերին

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ներկա իրավիճակը համեմատում է 1918թ-ի հետ, երբ հայությունը կանգնած էր լինելության վտանգի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Facebook-ում անդրադարձել է Տավուշի մարզի 5 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություններին։

Հակառակորդը կարող է Տավուշում հարձակում գործել. ԳՇ նախկին պետի խորհրդական

«Փորձում են պատառ–պատառ անել մեր տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը, և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած հզոր, հաղթանակած, հավերժական ու ամբողջական Հայաստանիս ռահվիրան»,– գրել է նա։

Տավուշի թեմի առաջնորդը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր ապրում են ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի տիրույթում, խոցված ու վիրավոր է հայրենիքը, հայության ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված` պետականությունը, վիրավոր, գերեվարված և անհայտության մեջ են Հայաստանի զավակները։

Այս իրավիճակը Բագրատ Սրբազանը համեմատում է 1918թ-ի հետ, որ հայությունը հիվանդ ու հյուծված կանգնած էր լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև։

«Եվ տեղի ունեցավ Սարդարապատի հրաշքը, և այդ հրաշքը վերստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»,– եզրափակել է բարձրաստիճան հոգևորականը:

Հիշեցնենք` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Հաջորդ օրը կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։