Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը Գորիսում նորից «բացել» արդեն բացված մարզադահլիճը. «Հրապարակ»

Թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ սյունիքյան այցին։ Ըստ պարբերականի` զոհվածների ընտանիքները հրաժարվել են ընդունել Աննա Հակոբյանին, բայց նա 2 պաշտոնյայի ու մեկ պատգամավորի է հանդիպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, որը պատերազմից հետո մնացել էր Գորիսում և շարունակում էր իր ջոկատի հետ մարզումները, երեկ Սյունիք էր մեկնել նախընտրական արշավի շրջանակում։

«Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։ Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։ Որոշել են մեկ անգամ ևս բացումն անել՝ արդեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը իշխանությունների «սրտի թեկնածուն» է՝ ընդգրկված է լինելու «Իմ քայլի» նախընտրական ցուցակում»,– գրում է թերթը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել նրան։ Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: