ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Վարդենիսի զորամասից զինծառայողի անհետացման վերաբերյալ հրապարակումներին։
«Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Աբրահամյանի խոսքով` տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ:
Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի, չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված` իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում:
Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք` ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Վարդենիսի տարածաշրջանում ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է անհետ կորել։ Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ ոստիկանությունը փնտրում է տղային։ Նա նաև ասել էր, որ զինվորի հետ կապված միջադեպը Գեղարքունիքի մարզի սահմանային վերջին իրադարձությունների հետ ընդհանրապես կապ չունի:
Ավելի ուշ ՊՆ–ն պարզաբանում տարածեց` հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 4 օր առաջ` մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, զինծառայողն ինքնակամ է հեռացել զորամասից։