ՌԱԴԻՈ

Արցախը պետք է վեր լինի բոլոր շահարկումներից. Դավիթ Բաբայանը` աղմկահարույց փաստաթղթի մասին

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ադրբեջանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին։
Sputnik
Արցախը պետք է վեր լինի բոլոր շահարկումներից. Դավիթ Բաբայանը` աղմկահարույց փաստաթղթի մասին

Ժամանակը ցույց կտա, թե ինչ կտա նոր փաստաթղթի ստորագրումը Հայաստանին և Արցախին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը`անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած նոր փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ մենք ունենք լուրջ խնդիրներ, և սա երկարատև բանակցությունների խնդիր պետք է լինի։ Կրկնում եմ` սահմանները, Արցախը, Արցախի կարգավիճակը, գրավված տարածքները, դրանց կարգավիճակը այդ բոլորը խնդիրներ են, որոնք ժամանակ են պահանջում»,- ասաց նա։

Նոր փաստաթուղթը վտանգո՞ւմ է արդյոք Արցախի հետագա գոյությունը։ Բաբայանը դժվարանում է պատասխանել այս հարցին, փոխարենը նրա մտքով անգամ չի կարող անցնել, որ երբևէ կգտնվի այնպիսի քաղաքական գործիչ, առավել ևս առաջնորդ, որ Արցախն ու օկուպացված տարածքները կճանաչի Ադրբեջանի մաս։

Աղմկահարույց փաստաթուղթը հավելված չունի՞. «Պատիվ ունեմ»–ի անդամները խոսել են Այվազյանի հետ

«Արցախը պետք է վեր լինի բոլոր շահարկումներից»,- նշեց Արցախի արտգործնախարարը։

Նրա կարծիքով` միաժամանակ պետք է չափազանց զգուշավոր լինել. չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այսօր նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտականությունները չի կատարում։

«Տեսնում եք` ինչպիսի քաղաքականություն է վարում գերիների նկատմամբ, ինչպիսի մշակութային քաղաքականություն է իրականացնում «գրավված» տարածքներում հայկականությունը ոչնչացնելու հարցում։ Այդ ամենը փաստում է` ով է Ադրբեջանը»,- հավելեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չժխտեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այլև հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այն։

Փաշինյանը վստահեցրեց, սակայն, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կա՛մ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կա՛մ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։