ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են իրենց երկրների իրադրությունը, կարծիքներ փոխանակել արդիական հարցերի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը կայացել է մայիսի 22-ի առավոտյան։ Պետությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների իրադրությունը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ՝ Բելառուս ածխաջրածնային հումք մատակարարելու և աջակցելու համար: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ են նշել ապրանքաշրջանառության աճը և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներուժի առկայությունը:
«Ադրբեջանի նախագահը մանրամասն խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն, որ իրավիճակը կլուծվի առաջիկա օրերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է բելառուսա-ադրբեջանական երկկողմ օրակարգին, ինչպես հայտնել են մամուլի ծառայությունից, պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության ուղղություններն ու պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել Լուկաշենկոյի` վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում:
Ըստ հաղորդագրության` առաջիկայում Բելառուս կմեկնի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, բելառուս գործընկերների հետ կմշակվի Լեռնային Ղարաբաղի «ազատագրված» տարածքներում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։