Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը կրկին համատեղ զորավարժություններ են անցկացրել

Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, հակառակորդի սադրանքները ճնշելուն և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկություններն ուսումնասիրելուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանցիները զբաղեցրել են Կութ գյուղից 6 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքը. ԶԼՄ

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվել են ադրբեջանական զորավարժարանում։ Հիմնական նպատակը եղել է փոխգործակցությունը բարելավելը և երկու երկրների բանակների ստորաբաժանումների մարտական արդյունավետությունը բարձրացնելը:

«Զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը լուծել են օրվա տարբեր ժամերին պայմանական հակառակորդի` պաշտպանության խորք ներթափանցելու ու դարանակալելու, ինչպես նաև հրամանատարական կետ և ռազմական օբյեկտներ գրավելու խնդիրները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, հակառակորդի սադրանքների ճնշմանը և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրմանը:

Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մայիսի 16-ին հայտարարել էր զորավարժությունների մեկնարկի մասին` նշելով, որ դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։

Զորավարժություններին ներգրաված են եղել մինչև 15 000 զինծառայողներ, գործարկվել է զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Իսկ մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։