Ադրբեջանցիներն ասել են` կհեռանանք, հետո ագրեսիվացել են. սյունիքյան միջադեպի մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն անձամբ զրուցել են հոսպիտալ տեղափոխված զինծառայողների հետ և պարզել ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ Սև լճի մոտ մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ և հանդիպել միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի Facebook–յան էջում։

Սյունիքում կասեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում` առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում:

ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:
Ընդհանուր առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը:

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Պաշտպանի ներկայացուցիչներն ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը դիտարկում է` որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ` հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու նրանց փորձը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները դիտարկում է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:
Այսինքն` ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:

Երեխեն կապտուկ եկավ, ասավ` թուրքեր էին. ինչպես են Վարդենիսում «դիմավորել» ադրբեջանցիներին

ՄԻՊ–ը շեշտում է` նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն է, որն անընդհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն:

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը:

Ադրբեջանցիները եղել են դիմակով ու խոսել հայերեն. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքից