Սուտ է դա. Ռուբինյանը հերքում է գյուղերի փոխանակման հնարավորությունը

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտցիայի հարցով եռակողմ հանձնաժողովի ստեղծումը, ըստ «Իմ քայլի» պատգամավորի, չի նշանակում, թե սահմանն այսօր-վաղը պիտի որոշվի։ Դրա ապացույցն արդեն 20 տարի գոյություն ունեցող հայ-վրացական նույնպիսի հանձնաժողովն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ադրբեջանի հետ ՀՀ տարածքում գտնվող գյուղերի փոխանակման հարցը չի քննարկվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մենք չպետք է թույլ տանք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

«Երեկ ընդդիմությունը տարածել էր քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը, ես հաստատում եմ` հենց այդ տարբերակն է, և հաստատվել է նաև ՀՀ վարչապետի կողմից։ Նաև հաստատվել է, որ դրան կից որևէ փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնիք չկա։ Բոլորդ տեսել եք այդ աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոսք չկա ոչ մի տարածքի զիջման մասին»,– ասաց նա։

Տեղեկությունները, թե անկլավների փոխանակման հարցը լուծվելու է բանավոր պայմանավորվածության արդյունքում, Ռուբինյանը ևս հերքեց` ասելով. «սուտ է դա»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի առաջարկին` սահմանի դեմարկացիայի ու դելիմիտցիայի հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ դա չի նշանակում, թե սահմանն այսօր–վաղը պիտի որոշվի ու որպես օրինակ հիշեցրեց հայ–վրացական նույնպիսի հանձնաժողովի գոյությունը, որն արդեն 20 տարի քննարկում է հայ–վրացական սահմանի հարցը։

«Մենք, ի պատասխան այս առաջարկի, մեր հստակ դիրքորոշումը կարտահայտենք, որ նման հանձնաժողովի ստեղծումը  կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու դեպքում»,– ասաց Ռուբինյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը

Նա նաև վստահեցրեց, որ այդ հանձնաժողովը քննարկելու է բացառապես Հայաստան– Ադրբեջան սահմանների հարցը և որևէ դեպքում չի անդրադառնալու Արցախի հետ Ադրբեջանի սահմանի խնդրին։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։