ՌԴ-ն կողմ է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտափույթ կերպով տարածաշրջան այցելի. Զախարովա

Մարիա Զախարովան նշել է, որ մշակութային արժեքների պահպանության հարցում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ռուսաստանը կողմ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` տարածաշրջան շուտափույթ կերպով այցի կազմակերպման հարցում։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց տաճարից գմբեթները հանելու մասին հարցին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում. արվեստաբանը`հայկական հետքի ոչնչացման մասին

Նրա խոսքով`Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման Մոսկվան պարբերաբար քննարկում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Երևանի հետ: Դրան անդրադարձ է կատարվել նաև մայիսի սկզբին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

«Մենք կողմ ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը տարածաշրջան այցելի շուտափույթ կերպով, այդ հարցով աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների կողմից ընդունված հայտարարության մեջ նշված է`կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն այն հարցերից է, որը ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքեր գործադրել»,–ասել է Զախարովան:

«Հարցը ՅՈւՆԵՍԿՕ–ի դաշտում է». Վահրամ Դումանյանը` հայկական հուշարձանների ճակատագրի մասին

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին Ղազանչեցոցի լուսանկարները, որտեղ էլ երևում էր, որ գմբեթները հեռացրել են։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին վերականգնողական աշխատանքների մասին, սակայն դառը փորձ ունենալով` դժվար է հավատալ դրան։

Մայիսի սկզբին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Ղազանչեցոցը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր։

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին