ՌԱԴԻՈ

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին։ 
Sputnik
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` Իսրայելը Մերձավոր Արևելքում պաղեստինցիների հետ հարաբերությունները սրելով` հույս ուներ, որ Իրանը կմիջամտի ու դրանով իսկ իչիք կդառնա Իրանի դեմ արևմտյան երկրների կողմից պատժամիջոցները վերացնելու կամ մեղմացնելու հարցը, սակայն այդ հակամարտությունում Իրանը դրսևորեց ընդգծված արևելյան խորամանկություն և կարողացավ հասնել նրան, որ, ըստ էության, Իսրայելի ջանքերը ցանկալի արդյունք չտվեցին։

«Կարծում եմ, որ իրանական սառեցված հաշիվների ու իրանական ապրանքների վերաբերյալ սահմանափակումները կհանվեն, ինչպես նաև կչեղարկվեն ինքնաթիռաշինության ու ինքնաթիռների տեխնիկական սպասարկման հետ կապված արգելքները, իսկ ահա նավթի արտահանման ծավալներին առնչվող որոշակի սահմանափակումները դեռ կմնան, որովհետև դրանով շահագրգռված են նաև անմիջական հարևան Իրաքն ու այլ արաբական երկրները, որոնք նույնպես օգտվում են նավթային նույն ավազանից»,– նշեց փորձագետը։ 

Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բալասանյանի կարծիքով` միջազգային գործընթացները փոխկապակցված են, ու եթե ԱՄՆ–ն համաձայնի պատժամիջոցների չեղարկմանը, դրանից կօգտվեն նաև տարածաշրջանային երկրները, որոնք լոգիստիկ հաղորդակցությունների առումով Իրանի հետ կարող են իրականացնել փոխշահավետ ծրագրեր։ Արդյունքում կլինի իրական այլընտրանք, օրինակ, Սուեզի ջրանցքին, առավել ևս, որ Հյուսիս–հարավ գլոբալ նախագծով խիստ հետաքրքրված են նաև Հնդկաստանն ու Չինաստանը։  

Նշենք, որ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Fars գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ Վիեննայում ապրիլի սկզբից ընթանում են Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստերը։ Աշխատանքներ են տարվում նաև Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով, այն է՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում և Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև ԱՄՆ-ի պատվիրակության հետ: 

Իրանի հայտարարություններն Ադրբեջանին և նրան սատարող պետություններին հղված կոչ են. Միսակյան