ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գագիկ Ղալաչյանն ու Սերգեյ Ռյաբկովն այսօր սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման առանձին ասպեկտները», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։