Հայաստանը մերժում է այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը. ԱԳՆ

ԱԳՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը, կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հարցերը քաղաքական-դիվանագիտական շրջանակներում դիտարկելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Այսպես է լրատվականների` Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարած ներթափանցման մասին հարցին պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում»,–ասել է նա:

Երեխեն կապտուկ եկավ, ասավ` թուրքեր էին. ինչպես են Վարդենիսում «դիմավորել» ադրբեջանցիներին

Նաղդալյանն ընդգծել է, որ չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչվող քայլերը՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,–ասել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր, կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

Սուտ է դա. Ռուբինյանը հերքում է գյուղերի փոխանակման հնարավորությունը

Նա նշել է, որ միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։