ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները երեկ` մայիսի 20-ին, այցելել են Սյունիքի մարզ։ Այցելությունը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության` նպատակը մեկն է եղել` տեղում ծանոթանալ Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։