ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Արցախի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Արցախի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ բարձր է գնահատվել Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։
«Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։ Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԳՆ կարևորել է նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում:
Ռուսաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Արցախի հարցը
Նշվում է, որ բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։
Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 73 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։