ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։
Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։
Հիշեցնենք` մայիսի 19-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց, նսեմացնում ու հարվածում են նրանց։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն պարզաբանում տարածեց` հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին։ Գերատեսչությունը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: