Աղմկահարույց փաստաթուղթը հավելված չունի՞. «Պատիվ ունեմ»–ի անդամները խոսել են Այվազյանի հետ

Արթուր Վանեցյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն, բայց ինչ կլինի այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետևանքներ կունենա, դրա հետ կապված` ունի մտահոգություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ՀՀ ԱԳՆ-ում հանդիպել են արտգործնախարար Արա Այվազյանի և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով`իրենք բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես` ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել ներկայիս իշխանությունը ադրբեջանական կողմի հետ, և ի վերջո ի՞նչ են նրանք պատրաստվում զիջել։

«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնակատարի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի` միակ փաստաթուղթն է և այլ հավելված գոյություն չունի կամ իրենք տեղյակ չեն։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու և ասելու, որ նման հավելված չկա»,–ասաց Վանեցյանը։

Նա շեշտեց, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն անշուշտ պետք է իրականացվեն, բայց ինչ կլինի այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետևանքներ կունենա` դրա հետ կապված ունեն մտահոգություններ։

Միքայել Մինասյանը պնդում է` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր փաստաթուղթ է ձևակերպվել

Հիշեցնենք` երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում էին պահանջել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չժխտեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այլև հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այն։

Փաշինյանը վստահեցրեց, սակայն, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կամ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կամ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։