Աննա Հակոբյանը Գորիսում է. նա լուսանկարներ է հրապարակել

Գորիսի դպրոցի աշակերտները մասնակցել են Հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարին, հաղթել և որպես նվեր վերանորոգվել է նրանց դպրոցի մարզադահլիճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է Սյունիք։ Նրանք մասնակցել են Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը: Հակոբյանն իրենց այցի մասին գրել է Faecbook–ում և լուսանկարներ հրապարակել։

«Դպրոցն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ»,–նշել է Հակոբյանը։

Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի է ունեցել բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների և «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցների միջև։

Վերանորոգումն իրականացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Սա մարզային 4-րդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են հիմնադրամի կողմից:

Աննա Հակոբյանը կառույցի հիմնադիր–ղեկավարն է։