«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Խոզնավար բնակավայրի բնակիչները մտահոգված են. նրանք չեն կարողանում արածեցնել անասուններին, ինչպես նաև վախենում են խմելու ջրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ադրբեջանցի զինվորներն առաջ են եկել Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ և այժմ գտնվում են բնակելի տներից երկու կիլոմետր հեռավորության վրա: Տեղեկությունը հայտնում է «Զանգեզուր TV»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը Սև լճից առաջ է անցել ևս 1,5 կմ դեպի Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ:

Գյուղացիները շատ մտահոգված են, սակայն նրանց ավելի շատ անհանգստացնում է իշխանության անգործությունը։ Ադրբեջանական կողմի առաջխաղացումից հետո խոզնավարցիները զրկվել են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։

Խոզնավարի բնակիչներից Սևադա Ալավերդյանի խոսքով ՝ ադրբեջանցիներն օրեցօր ավելի են շատանում։

Խոզնավարից կանանց ու երեխաների մի մասին հանել են. ադրբեջանցիներն օր օրի մոտենում են

«Երեք օրը մեկ 10 կմ առաջ են գալիս, զենք չունենք, զենք ունենամ մի մետր առաջ գա, թե չկրակեմ, ամոթ ինձ։ Նոյեմբերից մինչև հիմա մեզ զենք չեն տվել, գյուղի տղերքը կռվելու պատրաստ են։ Ասում ենք սահմանն անցել են, ինչի՞ չեք կրակում, ասում են, թե հրաման չկա։ Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք», - ասաց նա։

Գյուղի մեկ այլ բնակիչ` Հրո Ալավերդյանն էլ ահազանգում է, որ գյուղը դատարկվում է, մարդիկ իրենց տունն են թողում, մինչդեռ իշխանություններին դա չի հետաքրքրում։

«Մարդ չմնաց գյուղում, երկու ժամվա մեջ մի հատ երեխա չմնաց էս գյուղում։ Մարդիկ տարիներով տանջվել են, քարը քարի վրա են դրել, մի երկու անասուն են առել, պահում են, որ սենց հարամ անեն։ Մենք հիմա տղերքով հավաքվել ենք, գնում ենք թուրքերին դիմավորենք, հո չենք փախնելու, մինչև տեսնենք սրա վերջը ինչ է լինելու»,–ասաց նա։

Տղամարդը հիշեցնում է, որ իրենք Արցախի թիկունքն էին, իսկ հիմա իրենք այդ թիկունքը չունեն, ո՞ւր գնան։

Երեխեն կապտուկ եկավ, ասավ` թուրքեր էին. ինչպես են Վարդենիսում «դիմավորել» ադրբեջանցիներին

«Մինչև ո՞ւր պետք է փախնենք, ասեք իմանանք, կամ մենք պետք է չլինենք, կամ իրենք, մահ կամ ազատություն»,–ասաց
գյուղում մնացած սակավաթիվ կանանցից մեկը՝ Արևիկ Մանգասարյանը։ Նա վստահ է, որ պատմությունը կրկնվում է. այս պահին խնդիրը միայն գյուղ կորցնելը չէ, այլ ինչպես հարյուր տարի առաջ՝ Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առջև։

Վրեժ Աբրահամյանն էլ պատմում է, թե ինչպես է դիմավորել ադրբեջանցիներին, երբ սահմանն անցել են։

«Կարծեցինք մեր տղերքից են, մոտեցանք ընկերոջս հետ, հարցնում ենք՝ հա՞յ եք, չեն պատասխանում։ Տեսանք, որ ադրբեջանական հագուստով են ու ամեն ձև զինված։ Մոտ 30-40 հոգի։ Համայնքապետին զանգել ասել եմ, որ գան տիրություն անեն, ոչ մեկը տիրություն չի անում»,–ասաց նա։

Տղամարդը շեշտում է, որ այժմ իրենք չեն կարող անասուններին արածեցնել, բացի այդ ՝ գյուղացիները վախենում են խմելու ջուրն օգտագործել