ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը

ԱԺ–ը կոչ է անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ազգային ժողովն արտահերթ նիստում քվերակության դրվեց հայտարարություն, որն արձանագրում էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը։

Ձայների 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարությունը չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Հայտարարության մեջ հիշեցվում էր ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։

Նշվում էր նաև, որ միջազգային պայմանագրերը ևս ենթակա են վավերացման` ԱԺ–ի կողմից։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը և չեն կարող վավերացվել:

Չպետք է հեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները. Տոնոյան

Հայտարարության մեջ անդրադարձ էր արվում նաև հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման հարցերին` այն պնդմամբ, որ դրանց առնչվող  ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր ենթակա է վավերացման:

ԱԺ–ը կոչ էր անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։