ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ ստուգման առարկա է դարձել նաև երեկ տարածվող տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ստորացնում հայկական զինվորական համազգեստով անձանց։
«Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով է մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածք։ Նրանք բռնություն են գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ և ստիպել թողնել մատական դիրքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-3 կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ։
Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 18–ին հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց արագ հարթվել է։
«Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում». Վարդենիսում պատրաստ են նաև հարցի ուժային լուծմանը
Երեկ` մայիսի 19–ին, ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի տարածած` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, իսկ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել էր, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: