Թաթոյանը պահանջում է հրապարակել աղմկահարույց փաստաթուղթը

Նա հիշեցրել է, որ հակառակ դեպքում, դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա կառավարության նիստում: Նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` անդրադառնալով աղմուկ հանած փաստաթղթին։

«Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը»:

Սահմանների ճշգրտումը որքան պետք է Հայաստանին, նույնքան պետք է Ադրբեջանին. Փաշինյան

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:

Նրա խոսքով` սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հագեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:

Տեղեկությունը, որն ունեմ, ինձ բավարարում է. նախարարը` Փաշինյանի հիշատակած փատաթղթի մասին

«Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ»,–գրել է Թաթոյանը:

Նա հիշեցրել է, որ հակառակ դեպքում, դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց։ Իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ: