Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Արցախյան պատերազմի օրերին սոցիալական ցանցերում հայտնվեց խրամատում քնած զինվորի լուսանկարը։ Այն ցնցող էր․ զինվորն անխռով քնած է, իսկ ինչ-որ տեղ մոտակայքում պատերազմ է, սարսափ, մահ։ Պատկերի այդ լռության մեջ պատերազմի դեմքն ավելի ողբերգական է երևում, քան խոցված տանկի կամ այրված տան պատկերում։
Հետո լուսանկարը կորավ տեղեկատվական հոսքի և ռազմաճակատից հազարավոր այլ լուսանկարների մեջ, բայց «երկրորդ կյանք» ստացավ, երբ հայտարարեցին Word Press Photo ամենամյա միջազգային մրցույթների հաղթողների անունները։
«Քնած զինվորը» երրորդ տեղն է զբաղեցրել «Ժամանակակից խնդիրները՝ մեկ լուսանկարով» անվանակարգում, իսկ հեղինակը՝ վավերագրող Վաղինակ Ղազարյանը, մրցույթում հաղթած առաջին հայ լուսանկարիչն է դարձել։
«Մենք խրամատների միջով առաջ էինք գնում, և հանկարծ նկատեցի քնած զինվորին։ Հեռախոսս հանեցի և հասցրի ընդամենը մի կադր անել։ Զինվորն արթնացավ։ Մենք մի քանի բառ փոխանակեցինք, և ես շարունակեցի ճանապարհս։ Նա չնկատեց, որ նկարել եմ իրեն, իսկ ես նույնիսկ չմտապահեցի նրա դեմքը»,- Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Վաղինակ Ղազարյանը։
Մի քանի ամիս անց Վաղինակը գտավ լուսանկարի հերոսին՝ պահեստազորի լեյտենանտ Սասունին։ Նրանք ընկերացան սոցիալական ցանցում և պայմանավորվեցին հանդիպել Գորիսում։
Բայց Սասունը պատերազմի միակ մասնակիցը չէ, որին փնտրել է լուսանկարիչը։ Մարտերի օրերին նա նաև մի վիրավոր զինվորի է լուսանկարել, որի վիճակը հատկապես հուզել է նրան։
«Տեսնես` մեր տունը վառեցի՞ն, թե՞...». 14–ամյա Ժասմինի գրքում մենք հաղթել ենք պատերազմում
Վաղինակը նկարել է նրան, բայց առայժմ լուսանկարը հրապարակել չի կարող․ կարծում է, որ էթիկայի տեսանկյունից սխալ է։ Երբ գտնի երիտասարդին և թույլտվություն ստանա, այդ ժամանակ էլ կհրապարակի։ Եվ չնայած այս լուսանկարը ևս առանձնահատուկ թանկ է նրա համար, Վաղինակը ոչ մի վայրկյան չի տատանվել, թե որ լուսանկարն ուղարկի մրցույթին։
«Ես միայն մեկ լուսանկար ուղարկեցի՝ «Քնած զինվորը»։ Աչքիս առաջ բացված տեսարանը հուզել էր ինձ։ Այն պատերազմի մասին չէ, այլ պատերազմի ժամանակ խաղաղության մասին։ Ինձ համար դա հերթական կադրը չէր։ Այնտեղ ամեն ինչ համընկնում էր․․․ Երբ լուսանկարը հրապարակեցի սոցիալական ցանցում՝ արձագանքն ապշեցուցիչ էր՝ մարդիկ գրում էին այն, ինչ ես ինքս էի զգում»,-խոստովանում է նա։
Լուսանկարիչն ափսոսում է, որ տեսանյութ չի նկարել՝ դրանք կարող էին վավերագրական ֆիլմ դառնալ։ Նա հիանում է Անդրեյ Տարկովսկու և Ջիմ Ջարմուշի ֆիլմերով։ Նրանք, կարծում է Վաղինակը, այնպիսի կադրեր են դնում, որոնք կարող են մրցել դարի լավագույն լուսանկարների հետ։
Վաղինակն ինքն էլ երազել է կինոյի, Ս․Ա․ Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ВГИК) սովորելու մասին, բայց 90-ականներին նրա ընտանիքի, ինչպես շատ այլ ընտանիքիների համար, դժվար էր վճարել ուսման վարձը։ Վաղինակը փորձում էր աշխատանքը համատեղել ուսման հետ, բայց միևնույնն է, այնքան չէր վաստակում, որ բավականացներ ուսման ծախսերին։ Այդ ժամանակ նա գնեց իր առաջին լուսանկարչական ապարատը՝ «Զենիթ-122»-ը։
«Այն ժամանակ ոչինչ չգիտեի լուսանկարչության մասին։ Կարդացի ապարատին կցված հրահանգները և սկսեցի բոլոր կանոնները խախտել։ Լուսանկարները թերէքսպոնացված (խավար) էին ստացվում բայց դա ինձ հետաքրքիր էր թվում, և ես շարունակում էի նկարել։ Հիմա այդ ազատությունը չունեմ, քանի որ շատ բան եմ սովորել, շատ բան եմ կարդացել ու նայել»,-պատմում է նա։
Ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների՝ Վաղինակն այնուամենայնիվ կրթություն ստացավ, բայց արդեն հայրենիքում։ Ընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, որտեղ լուսանկաչություն և օպերատորական արվեստ սովորեց։ Նրա վարպետը լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցն էր։
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Լուսանկարիչը հիմա էլ շարունակում է սովորել և առցանց դասընթացների մասնակցել։ Նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականը մշտապես զարգանալն է՝ անկախ մասնագիտությունից։