ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր ժամը 19.00-ին հանրահավաքի է հրավիրում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Պատճառը աղմուկ հանած ենթադրյալ փաստաթուղթն է։
«Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է`
1. Անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:
2. Անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:
«Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով պայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս:
«Բոլոր զիջումներն անհայրենիք իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին:
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքով առաջիակ ընտրություններին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Հայրենիք» կուսակցությունը։
ՀՀ նախագահը բացարձակապես տեղյակ չէ փաստաթղթից. նախագահական
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։