Եթե փաստաթուղթը «լավ բանի մասին է», ինչո՞ւ պետք է ժողովրդից թաքցնեին. Մարուքյանի առաջարկը

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է` ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել վարչապետի և այլ ուժերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ հիմա հայտարարության տեքստ են կազմում, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար։

«Հայտարարությունը մոտավորապես նման տեսք է ունենալու` Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն` քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում։ Բացի այդ, Հայաստանի ժողովրդի թիկունքում հերթական փաստաթուղթն է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ կառավարության անդամների մեծ մասը»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` հերթական անգամ առանց ժողովրդի հետ քննարկումների, նրանց իրազեկելու պրոցես է ընթանում։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` կառավարության նիստի ժամանակ հայտնած կարծիքին, թե այդ փաստաթուղթը բխելու է ՀՀ շահերից` Մարուքյանը նշեց, որ ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել իրենց, վարչապետի և այլ ուժերի համար։ Ըստ նրա` «ՀՀ շահերից բխող» այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերի՞ց է բխում, թե ոչ։

Թաթոյանը պահանջում է հրապարակել աղմկահարույց փաստաթուղթը

Մարուքյանը նկատեց` եթե այդ փաստաթուղթը «լավ բանի մասին է», ինչո՞ւ պետք է ժողովրդից թաքցնեին։

Նա նշեց, որ այդ փաստաթուղթը պարտավոր են հրապարակել։ Մարուքյանը կարծում է, որ միայն ժողովրդի ճնշման դեպքում կարող է նոր փաստաթուղթը չստորագրվել։

«Ակնկալում ենք, որ արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը կներկայանա, կամ էլ ԳՇ պետը և պաշտպանության նախարարը։ Այսինքն` որևէ մեկը գա ու ներկայացնի` ինչ փաստաթղթի մասին է խոսքը»,–ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։