Ինչո՞ւ են ԵՄ դեսպաններն այցելել Սյունիքի մարզ. Անդրեա Վիկտորինը մանրամասներ է հայտնել

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ինքը և մի խումբ դեսպաններ այցելել են նաև Սև լճի մոտակա բլուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանների` Սյունիքի մարզ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է ու տեղում իրադարձություններին ծանոթանալը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ինչպես հայտնել էինք, եվրոպական երկրների 11 դեսպաններ և Եվրամիության 3 ներկայացուցիչ այցելել են Սյունիքի մարզ:

«Ես երախտապարտ եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին այցը կազմակերպելու համար»,- նշեց Անդրեա Վիկտորինը:

Նրա խոսքով` ԵՄ-ն ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես և այս պարագայում։  

Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ

«ԵՄ-ն օգտագործում է իր բոլոր դիվանագիտական լծակները խնդրի կարգավորման ուղղությամբ: Այն պնդումը, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության կողմից, դրանով արդեն ամեն ինչ ասված է»,- ընդգծեց Վիկտորինը։

Նա ասաց, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև Սև լճի մոտակա բլուրում, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, Սև լճի տարածք չեն այցելել։

«Անմիջապես Սև լճի տարածքում չենք եղել: Մեզ հետ եղել է նաև Սյունիքից պատգամավոր»,- հավելեց ԵՄ դեսպանը:

Հարցին՝ արդյո՞ք իրենց ներկայացրել են Սև լճի տարածքի քարտեզը, դեսպանն ասաց, որ լսել է մի քանի քարտեզի մասին: Ներկայացվել է 1969 թվականի քարտեզը:

Նա նշեց, որ ինքը փորձագետ չէ, չի կարող կարծիք հայտնել, սակայն ակնհայտ է, որ լճի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում:

ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ շուտով արդեն խաղաղ պայմաններում կվերադառնա Սյունիք գալիք ծրագրերը քննարկելու համար։

Սահմանների ճշգրտումը որքան պետք է Հայաստանին, նույնքան պետք է Ադրբեջանին. Փաշինյան

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։