Ինչու Արա Այվազյանը ներկա չէր կառավարության նիստին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել էր Սյունիքի ու Գեղարքունիք մասին և ասել, որ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվել` որպես ապացույց մատնացույց անելով Արա Այվազյանի թափուր աթոռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեից Հայաստան վերադառնալու ճանապարհին է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այդ իսկ պատճառով չի մասնակցել կառավարության նիստին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել էր Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության և նշել, որ մեր խնդիրը հետևյալն է` թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Նա նշել էր, որ այդ նպատակով ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում։ Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ` այդ աշխատանքն արդյունավետ է, որպես ապացույց Փաշինյանը մատնացույց էր արել արտգործնախարարի թափուր աթոռը` նշելով, որ նախարարն ու փոխնախարարները զբաղված են հենց այդ աշխատանքներով։

Այվազյանը Դուշանբե էր մեկնել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար, որը կայացավ երեկ` մայիսի 19-ին։