ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Միջազգային հանրությունն ընդգծում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ ու պետք է կարգավորվի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտնած տեսակետը` Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։
«Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը` գնալ և կարգավորել հարցը։ Որովհետև այս բոլոր դժվար ու պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և ՀՀ և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։ Սա հեշտ գործ չէ, սա չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, պետք է հանրության հետ բաց, ազնիվ ու անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Բայց ես ուզում եմ, որ մենք նաև իլյուզիաների չտրվենք», –ասաց Փաշինյանը` շեշտելով, որ Ադրբեջանի ԶՈւ–երը հատել են ՀՀ սահմանը և այդ երկարաժամկետ գործընթացի մեկնարկի համար րոպե առաջ պետք է լքեն մեր տարածքը։
Առաջին քայլը, Փաշինյանի պատկերացմամբ, պետք է լինի այն, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ԶՈւ–երը հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ ծառայությունները։
Եթե ՀԱՊԿ–ում սկսեն կրակել, դա կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի. Փաշինյան