ՀՅԴ–ն ու «5165» շարժումը ևս այսօր հանրահավաք են իրականացնում Հանրապետության հրապարակում

Միանգամից 3 ուժ այսօր, ժամը 17։00–ին հանրահավաք են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Ժամը 19։00–ին նույն վայրում իրենց համախոհներին հանրահավաքի է հրավիրում նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Այսօր, ժամը 17։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի են հրավիրում ՀՅԴ ՀԵՄ-ը և Կարին Տոնոյանի «5165» ազգային շարժումը։ Պատճառը աղմուկ հանած ենթադրյալ փաստաթուղթն է։

«ՀՅԴ ՀԵՄ-ը միանում է Էլբակեան Էդգարի կոչին և իր հերթին բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում ժամը 17։00-ից լինել Հանրապետության հրապարակում»,–ասված է հաղորդագրության մեջ։

«Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է հրապարակել փաստաթուղթը և հրավիրում հանրահավաքի

Իսկ 5165» շարժումը տարածած հայտարարության մեջ ասում է, որ ՀՀ քաղաքացիների պահանջատիրությունը ներկայացնելու համար կրկին  ժամը 17:00-ին լինելու են ՀՀ կառավարության շենքի մոտ:

«Մտահոգ քաղաքացիները կարող են միանալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս իր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությամբ ժամը 17։00–ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` հանրահավաքի։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։