Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտողը չպետք է դասեր դա Իսրայելին․ Լապիդ

Իսրայելցի ընդդիմադիր գործիչ Յաիր Լապիդը կոշտ պատասխան է տվել Էրդողանին՝ հիշեցնելով թուրքերի արյունոտ անցյալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իսրայելական «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը, Իսրայելին դասեր տալու իրավունք չունի: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում՝ ի պատասխան Էրդողանի այն հայտարարության, թե Իսրայելը ահաբեկչական պետություն է։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին։ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտող Էրդողանն Իսրայելին դասեր տալ իրավունք չունի»,-գրել է նա։

Մի քանի տարի առաջ` 2017թ․-ի հուլիսին, նա դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լապիդը հայտարարել է նաև, որ Պաղեստինի հետ հարաբերությունների սրման մեջ մեղքի բաժին ունի նաև գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նեթանյահուին չի հաջողվել կառավարություն ձևավորել, և երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինն այդ խնդիրը հանձնարարել է ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդին: Դա հանգեցրեց նրան, որ Իսրայելի արաբական խմբակցությունները հանկարծ սկսեցին կարևորագույն դեր խաղալ, իսկ դա նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն ստեղծեց։ Այս ամբողջ իրավիճակը սպառնում էր գործող վարչապետի իշխանության պահպանմանը։ Եվ այնուամենայնիվ Էրդողանին շշպռելու հարցում քաղաքական հակառակորդները հայտնվեցին բարիկադների նույն կողմում։

Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

Նշենք, որ ի պատասխան Էրդողանի հայտարարության, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահի ելույթը բնութագրել է որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական տարածքում քրդերին ռմբակոծող երկրի առաջնորդը, որը բանտ է նետում լրագրողներին, Գազայում օգնում է ահաբեկիչներին և սպանում անմեղներին, չպետք է բարոյականության դասեր տա ինձ»,-ասել է նա:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը միջազգային իրավունքը անտեսելու, պաղեստինցի ժողովրդի հողերի բազմադարյա օկուպացիայի մեղադրանք ներկայացրեց Իսրայելին։

Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև