ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին։
«Քննարկումները տևեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին»,–գրել է նա։
Նրա խոսքով` տևական ու լուրջ աշխատանք են տարել Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լևոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը։
Խորհրդարանականները հակամարտության երկու կողմերին կոչ են անում լիովին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների փոխանցում:
Նշենք, որ Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի ամսի 21-ին, արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 22-ին։
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան
Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին։
Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ևս շուրջ 200 հայ գերի կա: