Եվրադատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի մահափորձի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանությանը բլոգերին 30 000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար: Լապշինը այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

 «Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի ու դաժան կտտանքների կիրառման համար», - գրել է նա։

Ալիև՛, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց. Լապշինը բացահայտել է Բաքվի հերթական սադրանքը

Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանին պարտավորեցրել են 30 000 եվրո փոխհատուցում վճարել։ Լապշինը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր պաշտպանների թիմին։

«Իմ սիրելի փաստաբանները՝ Կարինա Մոսկալենկոն և Աննա Մարալյանը, սուպերմասնագետներ են, սիրում եմ ձեզ»- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով:

Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։