Չպետք է հեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները. Տոնոյան

Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ «5165» ազգային շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ մենք այլևս իրավունք չունենք նստելու տներում և այստեղից պետք է չհեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները։

«Նրանք  հանձնում են մեր երկիրը և թույլ չեն տալիս մեր զավակներին անգամ պաշտպանվել։ Արդյո՞ք 2.5 միլիոն ժողովուրդը պետք է գերի մնա մեկ ստախոսի, կիսախելագարի, կամ ուղղակի փայլուն իր դերը կատարող դավաճանի զարկին»,- ասաց նա։

Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։

«Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է հրապարակել փաստաթուղթը և հրավիրում հանրահավաքի

 «Ես ընդամենը պատվախնդրության կոչ եմ անում։ Հայ զինվորին թույլ չեն տալիս կրակել, և եթե մենք մեր զինվորներին չենք ասում, որ իրենց թիկունքում ենք, ուրեմն մենք էլ ենք կոտրում նրանց։ Իջեք հրապարակ և լուծենք մեր հարցն այսօր, այստեղ և վերջնականապես։ Ամեն վայրկյանը մեզանից հող է պահանջելու և զոհ է պահանջելու»,- նշեց Տոնոյանը։

Նշենք, որ այսօր, ժամը 17։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի են հրավիրել ՀՅԴ ՀԵՄ-ը և Կարին Տոնոյանի «5165» ազգային շարժումը և Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային–քրիստոնեական նախաձեռնությունը։ Պատճառը աղմուկ հանած ենթադրյալ փաստաթուղթն է։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։