Արմեն Գևորգյանին արդեն հարցաքննության են կանչել

Փաստաբանները վստահեցնում են` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկայանալու է հարցաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր հրավիրվել է հարցաքննության։ Տեղեկությունը հայտնում են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Լուսինե Սահակյանը։

Այսօր Գևորգյանին ՀՔԾ էին հրավիրել, նրան մեղադրանք է առաջադրվել։

«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի` Արմեն Գևորգյանը այսօր` ժամը 19։00-ին, հրավիրվում է որպես մեղադրյալ հարցաքննվելու համար»,–նշված է փաստաբանների հայտարարության մեջ։

Նրանց խոսքով` Գևորգյանը ներկայանալու է հարցաքննության, բայց շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ։

Հիշեցնենք` ՀՔԾ–ն այսօր հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր` իր դեմ նոր քրգործ են հարուցել, որպեսզի ինչ–որ խափանման միջոց ընտրեն և խաթարեն իր գործունեությունը «Հայաստան» դաշինքում։