Արցախի ԱԺ 3 խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Խմբակցությունները համոզվել են, որ Արցախի նախագահն առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները կրկին պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք հայտարարություն են տարածել։

Պատերազմը պիտի բացառենք. Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի գյուղեր

«Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար: Հաշվի առնելով Արցախի հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջը, ավելին` մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն: Որոշ հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ խմբակցությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խմբակային նեղ շահերից դրդված խորհրդարանում ստեղծվող ու քանդվող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին:

Արայիկ Հարությունյանը մեղքի իր բաժինն ուրիշի վրա գցելու անհաջող փորձ է անում. Անտինյան

«Դրան հակառակ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա: Այսօրվա Արցախի իշխանությունները ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում»,– շեշտում են պատգամավորները:

Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը և ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում են, որ Արցախի գործող նախագահն ու իշխանությունները զերծ մնան ՀՀ-ում նախատեսված արտահերթ ընտրություններին գործող իշխանություններին որևէ կերպ աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից: