Զերծ մնալ հակահայկական քարոզչությունից. ԵԽ–ն հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձևը

Բանաձևում անդրադարձ կա նաև «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժմանը. կոչ է արվում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին ուսումնասիրել կազմակերպությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում հաստատել է Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը։ Տեղեկությունը հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, 64-ը դեմ են եղել, 150-ը` ձեռնպահ:

Թուրքիա. աննախադեպ սահմանափակումների արդյունքներին սպասելիս

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս բանաձև-զեկույցով Թուրքիային կոչ է արվում զերծ մնալ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից: Զեկույցում անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։ Մասնավորապես ԵԽ–ն դատապարտում է, որ Թուրքիան որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալներ տեղափոխեց ԼՂ։

Բացի այդ, ԵԽ–ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները` ընդունելով խտրականությունն արգելող օրենսդրություն:

Բանաձևում անդրադարձ կա նաև «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժմանը. կոչ է արվում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին ուսումնասիրել կազմակերպությունը։

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել